ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Երևանում չափագրման գների զսպումը հաջողվեց»

«Երևանում չափագրման գների զսպումը հաջողվեց»
21.01.2014 | 01:22

Անցած շաբաթ կառավարության լրատվական կենտրոնը հյուրընկալ էր: Պետական պաշտոնյաները, ամփոփելով 2013-ը, մեկը մյուսի հետևից լրագրողներին ներկայացրին 2014-ի գերակա խնդիրները: Շաբաթվա վերջին հյուրը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ ԱՇՈՏ ՄՈՒՍՈՅԱՆՆ էր, որի հետ զրուցեցինք մի քանի հարցի շուրջ:

-2013-ին նոր քաղաքականություն ներդրեցիք չափագրման ոլորտում: Մասնավորի «ախորժակը» զսպելու նպատակով որոշվեց, որ չափագրման աշխատանքներ կիրականացվեն նաև պետականորեն: Ի՞նչ արդյունք տվեց:
-Կարելի է ասել, որ այդ քաղաքականությունը իր դրական ազդեցությունն ունեցավ: Երևանում չափագրման գների զսպումը հաջողվեց: Նույն գործը մարզերում է իրականացվել, և այժմ շատ հարմար իրավիճակ է ստեղծվել: Դրա մասին փաստում են նաև մեր քաղաքացիները: Ընդհանրապես` պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները, բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, ապահովել իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը: Մեր քաղաքականության առանցքն է, որը գտնվում է կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում:
-Եթե համեմատենք 2013-ը 2012-ի հետ, ապա անշարժ գույքի շուկայում ի՞նչ փոփոխություններ են կատարվել:
-Անշարժ գույքի շուկայի վերլուծությունները դեռ ավարտված չեն: Սակայն այս պահին կարող եմ ասել, որ 2012-ի համեմատ 2013-ին գների կտրուկ փոփոխություն չի եղել:
Այս պահին կարող եմ ասել, որ 2013 թ. իրականացվել են շուրջ 190690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում ու շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի 732 միավորի պետական գրանցում։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրա նկատմամբ գրանցման իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ 375327 տեղեկություն (2012 թ. այն կազմել է 337480, աճել է 11,2 %-ով): Աշխատակազմի սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 336650 դիմում, տրամադրվել է 333723 ավարտական փաստաթուղթ և կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ անվճար կնքվել է անշարժ գույքի հետ կապված տարբեր գործարքների վերաբերյալ 13834 պայմանագիր, ընդ որում` դրանցից որևէ մեկով վեճ չի առաջացել և վճիռ չի կայացվել:
-Դուք նշեցիք ասուլիսում, որ անցած տարվա 4 գերակա խնդիրները իրականացվել են: Ի՞նչ եք կարծում՝ 2014-ի գերակա ծրագրերը ի՞նչ ճակատագիր կունենան:
-Եթե նկատել եք, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն միշտ էլ իր առջև դրված պարտավորություններն ու ծրագրերը իրականացրել է: 2014-ին հաստատված է 3 գերակա խնդիր: Առաջին. WGS 84 (ՎԻՋԻԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծում, որով կստեղծվեն Շիրակի և Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակմամբ տեղագրական, կադաստրային և համայնքային վարչական սահմանների նկարագրման քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները՝ կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ: Երկրորդ. նախատեսված է ստեղծել բազային երկրատեղեկատվական համակարգեր Գյումրիում (820 հա): Այս աշխատանքը շարունակական է: Երրորդը Երևանի նավիգացիոն համակարգերի ծրագիրն է: Դրա իրականացման արդյունքում Երևանում կունենանք ստեղծված ու ներդրված նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղորոշման, դիտարկման և վերահսկման հնարավորությամբ:


Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ